չորս բանաստեղծություն

Մարինե Պետրոսյան

ԱՆԾԱՆՈԹԸ ՁԵՌՔԻՆ ԱՎՏՈՄԱՏ

Երբ որ հասնեմ փողոցի ծայրը ես կմեռնեմ
սպիտակ շենքի մոտ կանգնած ա անծանոթը ձեռքին ավտոմատ
ես կարող էի փոխել փողոցը բայց ուրիշ փողոց չկա
առաջ խաբում էին թե կա բայց հիմա բոլորն էլ գիտեն որ չկա
էս մի փողոցն ա ու փողոցի վերջում կանգնած ա անծանոթը ձեռքին ավտոմատ

Ես արագ արագ քայլում եմ փողոցով ու շենքերը ինձ են նայում զարմացած
ասում են Մարինե ուր ես գնում կմեռնես
ծառերը քաշում են շորերիցս ուզում են ինձ գրկեն
ասում են արի քեզ տանենք ուրիշ փողոց
բայց ես գիտեմ որ ուրիշ փողոց չկա
առաջ խաբում էին թե կա բայց հիմա բոլորն էլ գիտեն որ չկա
էս մի փողոցն ա ու փողոցի վերջում կանգնած ա անծանոթը ձեռքին ավտոմատ

 

ԱՐԵՎՆ ՈՒ ՍԵՎ ՇՈՒՆԸ

էդ քաղաքում
ես ոչ մի ծանոթ չունեի
ուղղակի իրանք էլ գիտեին
ինչ որ ես գիտեի
Հոմերոսի մասին
գիտեին որ Հոմերոսը կույր էր
ու մահացել ա վաղուց
շատ վաղուց
բայց եղել ա
եղել ա Հոմերոսը
ոնց որ ես կամ
ու կաս դու
ոնց որ Աքիլլեսն ա եղել
Հեղինեն ա եղել
ու Հեկտորը
ու չնայած ես էդ քաղաքում ոչ մի ծանոթ չունեի
ու չնայած ես չէի խոսում իրանց լեզվով
ոչ էլ հույները՝ իմ
բայց էնքան ծանոթ էր արեւը որ բարձրանում էր
ամեն առավոտ
ու էնքան ծանոթ էր տխրությունը
որ հանկարծ հայտնվում էր առանց զգուշացնելու
եւ սեղմում էր սիրտդ
ոնց որ ճակատագիրը հայտվեց
որպես սեւ շուն
Էդիպի առաջ
 


ԷՍ Ա ԷԴ ԴՈՒՌԸ

Ախ էս ինչ շքեղ դեկտեմբեր ա
ձյունի նման շքեղ
արեւի նման շքեղ
քո հին երազանքի նման շքեղ

Հիշո՞ւմ ես էն աղջկան
էն որ պուճուր էր ու համառ
էն որ կանգնած էր դռան հետեւ
հսկա դռան հետեւ
եւ ուզում էր բացեր դուռը
բայց ձեռքը չէր հասնում բռնակին
պուճուրիկ ձեռքը չէր հասնում բռնակին

Էս ա էդ դուռը
դիմացդ ա
ձեռքդ մեկնես կբացվի
բայց դու մի՛ շտապի Մարինե
կամաց, մի քիչ կամաց
արդեն պուճուր չես դու
արդեն վաղուց պուճուր չես
ու կարողա չդիմանա սիրտդ
երբ որ դուռը վերջապես բացվի
ու երազանքդ
ձյունի նման շքեղ
արեւի նման շքեղ
կանգնի քո դիմաց
 


ԱՐԹՈՒՐԻՆ, ՆԱԻՐԱՅԻ ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ

Մարդը գալիս ա
չգիտես որտեղից
մարդը գնում ա
չգիտես ուր
իսկ արանքում էս կյանքն ա
երբեմն ուրախ
ավելի շատ տխուր
իսկ արանքում մարդիկ են
հազար հազար
միլիոն միլիոն
դու իրանց հարցեր մի տուր
իրանք պատասխան չունեն
իրանք քո նման
եկել են չգիտես որտեղից
իրանք քո նման
գնում են չգիտես ուր
ու եթե դու
հենց նոր կորցրիր
իրանք գուցե
երբեք չեն ունեցել
էն մեկին ու էն միակին
որի հետ կյանքը
ավելի շատ ուրախ ա
քան թե տխուր