ՏԱՓԱԿ ՔԱՐ

Սարգիս Հովսեփյան

Artwork by Louise Bassou

Տափակ քարն անվտանգ դիրք էր, անամոթության աստիճանի անվտանգ։ Համենայն դեպս այն պահին, երբ մենք բարձրացանք այնտեղ։ Ամբողջ ցերեկը մեզ արևին էինք տալիս՝ խոտերի մեջ պառկած, որսալով ուրցի թարմ հոտը, իսկ գիշերը քնապարկերի մեջ փաթաթված՝ ճակատով ցող էինք հավաքում՝ փորձելով ձայներ որսալ։ Ու սպասում էինք։ Առավոտյան, երբ դեռ թարմ էինք լինում, երբ դեռ աշնանային արևի ճառագայթները թմրեցրած չէին լինում մեր մարմինները, երևակայությունն ու միտքը, մի քիչ բահ էինք խփում հողին, մի քիչ ճանկռոտում էինք  քարերն ու արագ ձանձրանալով մի կողմ էինք թողնում գործն ու կրկին հանձնվում արևին։ Ու սպասում էինք։ Պադոն ասում էր՝ արա, գոնե մի երկու սնարյադ մեր կողմ գցեն, թափով պրծնենք խրամատը։ Հնարավոր, տեսական, ապագայում սպառնացող վտանգը երբեք նույն արդյունավետությամբ չի ստիպի զինվորին հաղթահարել իր տիեզերական ծուլությունը, որքան կողքին պայթած արկը։ Պադոն ասում էր ծուլությունը հաղթահարելու իր բանաձևն ու անմիջապես էլ մի կողմ նետելով քլունգը՝ պառկում էր արևին։ Ու սպասում էինք։ Ցերեկը սպասում էինք, որ գիշերը գա, գիշերը՝ որ լույսը բացվի։ Հատկապես գիշերները սպասելիքներն ավելի շատ էին ու բազմազան, մեծ ու փոքր, աննշան ու համամարդկային։ Սպասում էինք, որ լուսինը դուրս գա, որ ամպը բացվի, որ անձրևը կտրվի, որ մառախուղը ցրվի, որ քամին դադարի, որ Բայդենը ընտրվի․․․ չնայած Բայդենը խեռիս ընտրվի, որ սմենչիկդ շռի, հետ գա թփերի հետևից, որ կոֆեն եռա, որ Դինջը մի աշխարհաքաղաքական էշություն դուրս տա, ի վերջո․․․ Խոսքի՝ արա, բայց կարո՞ղ ա Մեհրիբանը․․․ Ի՞նչ Մեհրիբանը․․․ Մեհրիբանը մարդու գլխին սարքում ա, որ հետո փուռը տա, վլաստը վերցնի ձեռը․․․ Պադոն անմիջապես հարցնում էր՝ տենց պադազրենի կա՞, ընգեր․․․ Պադոյի անունը հենց պադազրենի բառից էր, ինքն անընդհատ «պադազրեվատ» էր անում ու իր կասկածամտությունը հայտնում էր ցանկացած առիթով։ Դինջը պատասխանում էր, որ՝ չէ, ընգեր, պադազրենի չի, զուտ վերլուծություն ա․․․ Ուղղակի Փաշաևների կլանը․․․ Արա, Դինջ թարգի էլի, կոխեմ Փաշաևների կլանն էլ, Մեհրիբանի ծլանն էլ․․․ Միահամուռ արտահայտվում էին դիրքապահները, որից հետո Դինջն ասում էր՝ դե ես հելնեմ կոֆե դնեմ։
Իսկ ընդհանրապես, սպասում էինք, որ դառնանք առաջին գիծ։ Սպասում էինք՝ դառնանք առաջնագիծ։
Տափակ քար ասվածը մի բարձունք էր՝ գետով ու առանց գետի երկու ձորերի արանքում, գլուխը բուսականությունից զուրկ, բավականին թեք, ամենևին ոչ հարթ, ոչ էլ տափակ։ Այդտեղով անցնում էր երկրորդ գիծը, որն ինչ-որ պահից դառնալու էր առաջին, իսկ հետո մեկ էլ տեսար պետական սահման։ Բարձունքի աջ կողմը, որ նայում էր առանց գետի ձորին, քարքարոտ, վերևի հատվածում էլի բուսականությունից զուրկ լանջ էր, իսկ ձախ կողմը, որ նայում էր դեպի գետը, ծառածածկ էր, սակայն լի մացառուտներով, փշերով ու թփերով։ Երկու լանջերն էլ բավականաչափ դժվարամատչելի էին, բայց անմատչելի չէին իհարկե, սակայն երկրորդ գծում գտնվող այդ դիրքը առայժմ ոչ ոքի պետք չէր։ Ուստի սպասում էինք։ Պադոն ասում էր՝ արա սրանք մեզ աչքիս մոռացել են, ես տենց աշուշենի ունեմ․․․ Կարո՞ղ ա, այնուհանդերձ պադազրենի ունես, Պադո․․․  Հա, էլի, ուղղակի ասի մի քիչ բազմազան արտահայտվեմ․․․

Առաջնագիծը Տափակ քարից մի քանի կիլոմետր առաջ էր, ուստի հիմնական վտանգը քիչ հավանական դիվերսիոն ներթափանցումն էր կամ անտառներում մոլորված դիվերսիոն խմբերի մնացորդները, որ հերթական ներթափանցման ձախողված փորձի արդյունքում մի որոշ ժամանակ թափառում էին մեր անտառներում, մինչև կամ դուրս գալու հնարավորություն էին գտնում կամ ոչնչացվում էին։ Տափակ քարն ավելի շուտ տափակ էր մեր սպասումից, քան իրականում։ Դնջի ասած՝ Տափակ քարի Տափակ ջոկատը, որ սպասում էր առաջնագիծ դառնալուն, սպասումից ժամ առ ժամ դառնում էր Պադոյի նման կասկածամիտ, Դնջի նման փիլիսոփա։

Մի օր էլ հայտնվեց շունը՝ շագանակագույն խալերով սպիտակ խառնածին։ Եկավ ու պառկեց խրամատում, ճանապարհի մեջտեղը, ուղիղ էն հատվածում, որից քիչ այն կողմ Դինջը սովորաբար սպիրտայրոցի վրա կոֆե էր եփում։ Բոլորս սկզբում վատ ընդունեցինք, անշուշտ, կասկածամիտ Պադոյի պատճառով։ Անհասկանալի ցեղատեսակի, անհասկանալի ծագման շուն էր։ Ոչ մի կերպ չկարողացանք բացահայտել՝ որտեղից էր․ մոտիկ գյուղերից ոչ մեկից չէր, դիրքապահներից ոչ մեկինը չէր։ «Պադազրենի» կար, որ շունն անիմաստ ու անդադար հաչելով կթուլացնի մեր զգոնությունը, բայց առաջին իսկ գիշերը զարմացրեց բոլորիս, քանզի ամբողջ գիշեր ընդամենը երկու անգամ հաչեց․ մեկ անգամ կողքի դիրքից մեր դիրք եկող մի դիրքապահի վրա, մեկ անգամ էլ մեզնից քիչ ներքևով անցնող որձ եղնիկի վրա։ Եղնիկի որձն էլ պարզվեց՝ շատ մազալու կենդանի է։ Ամբողջ գիշեր պտտվում է անտառում ու ծխող մարդու պես անդադար հազում, մոտավորապես՝ ըհը, ըհը․․․ ըհը, ըհը․․․։ Այդուհետ Դինջը ամեն անգամ լսելիս, ասում էր՝ արա դե քիչ ծխի էլի․․․ ու սիգարետ էր վառում։ Պադոն ասեց՝ զիլ շուն ա, անիմաստ լաչառություն չի անում։ Ասեց՝ իսկական պոստի շուն ա, եթե հաչում ա, ուրեմն մի բան կա։ Ասեց՝ մեզ հենց սենց շուն ա պետք, որ զգոն մնանք․․․ Չնայած, մեկ էլ տեսար․․․ Մեկ էլ տեսար ի՞նչ, Պադո․․․ Հեչ, բան մտքովս անցավ, բայց կարևոր չի։
Դինջը շան անունը դրեց Զգոն։ Երեկոյան շան անունն արդեն Վզգո էր, որը, ինչ խոսք, ավելի հարմար էր։
Վզգոն, իհարկե, մեծ ձեռք բերում էր դիրքի համար։ Գիշերը, երբ սպասում ես, առանց էն էլ սահմանափակ ու թերզարգացած զգայարաններիդ վրա հույս դնելով, հասկանում ես, թե որքան թույլ կենդանի է մարդը, ու մի լավ դիրքապահ շունն իր զգոնությամբ, իր հոտառությամբ, իր համարձակությամբ ու իր նվիրվածությամբ իրական զենք է, իրական առավելություն սպասողի համար։ Պադոն ասում էր՝ ի՞նչ ունենք փաստացի, մի քանի հատ ակաէմէս, մի հատ պեկա, մի հատ գրանատամյոտ, մի արկղ ֆ1 ու Վզգոն․․․ չնայած․․․ պեկայի ստվոլը ոնցոր ծուռ ա, ջոկե՞լ եք, թե՞ ինձ ա թվում․․․ լավ ինչ-որ ա․․․։ Ճիշտ էր Պադոն, մեր աչքերը մեզ դավաճանում են գիշերը, որովհետև նախատեսված չեն գիշերային որսի համար։ Լարված ժամանակ մեր աչքերն ավելի շուտ փորձանք են, քան օգնական, քանի որ մեր երևակայությունը սնում են աղավաղված պատկերներով, ստիպում տագնապել։ Մեր լսողությունը, որ նախատեսված չէ նուրբ ձայներ լսելու համար, մեզ անընդհատ մատակարարում է կասկածելի, պանիկայի պատճառ հանդիսացող ձայներով, մեր հոտառությունն ընդհանրապես բանի պետք չէ․․․ Կարճ ասած՝ մեր զգայարանները մեզ համար թույլ զենքեր են, իսկ երբ լարված ու վախեցած ենք, երբ սպասում ենք, դրանք դավադիր կերպով խաբում ու մոլորեցնում են մեզ։ Վզգոն՝ իր զարգացած զգայարաններով, իրոք լուրջ աջակցություն էր։ Վզգոն սպասողների ջերմատեսիլն էր, գիշերային հեռադիտակն ու հզոր ալեհավաքն էր միաժամանակ, դիրքի շուջ սփռված շարժման ու ձայնային սենսորներն էր Վզգոն, Վզգոն մեր տեխնոլոգիական հագեցվածությունն էր։
Վզգոն Վզգո, բայց վերջին հույսդ էլի երկաթի կտորն է, որ գրկած դեսուուդեն ես քայլում ինչ-որ աշխարհից կտրված սարի ծերին։ Մթության մեջ, երբ ժամանակ առ ժամանակ ձեռքդ սահեցնում ես զենքիդ մետաղական մարմնի վրայով, սառնությունից հոգիդ այրվում է, քանի որ զգում ես նրա հավատարմությունն ու վստահելիությունը։ Հասկանում ես, որ չկա ավելի հարազատ բան, քան մարմնիդ կպած սառը ինքնաձիգը։ Զինվորի արարիչը, որ ամեն վայրկյան կարող է նրան ևս մեկ անգամ ստեղծել, լույս աշխարհ բերել, վերածնել։ Սպասողի սառը ինքնաձիգը։ Ծանր, անհարմար, գիշերը հոգնությունից, ցրտից կծկված մկաններդ ճնշող, ատելի, սարսափելի, բայց միակ հարազատդ։ Եվ, իհարկե, էֆ1-երը, որ կախված են վրայիցդ և որոնց Պադոն ասում էր՝ իմ զապաս ձվերը, հետո ավելացնում՝ ես սրանց ավելի եմ վստահում քան իմ սեփական ձվերին․․․ Չնայած, կարո՞ղ ա սրանք կարևոր պահին չտրաքեն, հը՞․․․ Չէ, է, դժվար։ Դինջը հակասություն նկատելով Պադոյի պնդման մեջ, անմիջապես սրիկայաբար հարցնում էր՝ Պադո կուզեի՞ր սաղ մնայիր, բայց ձվերիդ տեղը Էֆ1-եր լինեին․․․ Ասենք աղջիկ տանեիր հյուրանոց, շալվարդ իջացնեիր, կալցոն քաշեիր ու ձվերդ գցեիր ինչ-որ Սյուզիի ոտքերի արանքը։ Պադոն մի պահ մտածում էր, ապա դեմքին մռայլ արտահայտություն տալով՝ ասում էր՝ ես պադազրենի ունեմ, որ դու լեզվիդ ես տալի․․․։ Ի պատասխան՝ Դինջը քթի տակ խնդմնդալով գնում էր կոֆե դնելու։
Սպասող, պարապ զինվորից տափակ, ցինիկ ու գռեհիկ մարդ չկա կլորի վրա։ Կյանքն արժեզրկող ու ապականող, խտրական, անհանդուրժող ու նվաստացուցիչ զինվորական զրույցները, որ խրամատից խրամատ են փոխանցվում, խնայող ու ապրեցնող պատվաստանյութ են իրականում, որովհետև հնարավոր չէ այդքան սպասել մեռնելուն ու չխելագարվել։ Ոնց որ Պադոն էր ասում՝ ապեր եթե քֆուր չտամ, կարող ա ներվայնությունից մեկին գյուլեմ ստեղ, բոզ ըլնեմ, թե սուտ եմ ասում։
Դինջը Պադոյին ասում էր՝ աղջիկները կսիրահարվեն քեզ, ասում էր՝ դու իրենց երևակայության մեջ հայրենքի պաշտպան սիրուն զինվոր ես, իսկ դու ամբողջ օրը բերանդ ափռ ցփռ բացում ես։ Պադոն ասում էր՝ չէ, ես աբլոշկի սիրուն տղա չեմ, ինձ չեն սիրահարվի, ոչ նկարիս, ոչ էլ իսկական, ես էնքան բեջուռա եմ, որ իրական տեսնեն, կասեն՝ էս գոնե դասալիք լիներ, սրա հանդեպ պարտքի զգացում չունենայինք։ Բոլորս ծիծաղում էինք ու հերթով սկսում ինքնածաղրանքը։ Մեկն ասում էր՝ ես էնքան գեշ եմ, որ դեմքիս նայողը կասի՝ հաստատ ինքն ա Ջեբրայիլը հանձնել, մյուսն ասում էր՝ քոնը ինչ ա, ես էնքան գեշ եմ, տեսնողը կասի՝ հաստատ էս ա Հադրութը հանձնել, վերջինն էլ լուրջ ու կտրուկ ասում էր՝ տղերք, ես վայթե Շուշին եմ պատրաստվում հանձնեմ։ Հետո նորից էինք հռհռում ու մտախոհ ցրվում մեր տեղերով, որպեսզի ամեն օրվա պես Տափակ քարին թառած շոյենք մեր զենքերն ու սպասենք։
Երեկոյան ութն էր, երբ կողքի դիրքից լուր եկավ, թե մարդ է կորել։ Պայմանավորվեցինք, որ, համենայն դեպս, զգույշ լինենք, մեկ էլ տեսար՝ մեր կողմերից դուրս եկավ, բայց համաձայնելով Դնջի պնդման հետ, որ լույսը բացվի, մի թփի տակ քնած կգտնեն, անցանք մեր գործերին։ Գործ ասածը կոֆե խմելն էր, որ մեր միակ ուրախությունն էր և միակ բանը, որ մեզ կապում էր շուրջը սփռված աշխարհի հետ։ Դինջը կոֆեն դնում էր, հետո ֆռթցնելով տաք հեղուկից՝ ասում էր՝ ախպերներ, կոֆեն քեզ մարդ զգալու միակ ճարն ա էս պահին, բոլոր նորմալ մարդիկ ամեն տեղ խմում են, մենք էլ ենք խմում, նշանակում ա, մենք էլ մարդ ենք․․․ Էն մնացած ամեն ինչը, ինչ անում ենք օրվա մեջ, էտ նորմալ չի․․․ Պադոն ասում էր՝ ճիշտ ա, նորմալ մարդիկ անտառում դքի վրա ծառի ճյուղից բռնված չեն քաքում, որ ձորը չգլորվեն։ Դինջը շարունակում էր, որ՝ հա, նորմալ մարդիկ օրը 24 ժամ զենքը գրկած չեն ապրում, ցեխի մեջ, անձրևի տակ, բայց բոլոր նորմալ մարդիկ կոֆե խմում են․․․ Անգլիայի թագուհին էլ ա խմում, Մոսկվայում ասֆալտ փռող կատոկի շոֆերն էլ ա խմում, Տաշքենդում շուկայում տաք լիպյոշկեք ծախող ուզբեկն էլ ա խմում․․․ Ապեր բայց ուզբեկները կոֆե խմու՞մ են․․․ Պադո ջան, դե հիմա կարող ա չայ են խմում, էական չի․․․ Մինչ Դինջը պատասխանում էր Պադոյին, տղերքից մեկը ֆռթցնում էր իր կոֆեն ու հոգոցով ասում՝ նույնիսկ Քիմ Քարդաշյանն ա կոֆե խմում․․․ Բոլորս հիացմունքով նայում ենք վերջինիս, որովհետև առաջինը նրա մտքով անցավ, որ ծտերն էլ են կոֆե խմում։ Աշխուժանում ենք ու այլևս չենք լսում Դնջի պատմության շարունակությունը կոֆեի հումանիտար բնույթի մասին։
Գիշերվա ընթացքում երրորդ, թե չորրորդ կոֆեն էր դնում Դինջը՝ կռացած սպիրտայրոցի վրա։ Պադոն քիչ հեռու քարին նստած ննջում էր՝ ժամանակ առ ժամանակ տագնապալից աչքերը բացելով ու դեսուդեն նայելով, վախեցած ոչ այնքան թուրքերից, որքան մեզնից, որ գուցե իր ննջելը նկատենք, ես, ծառին հենված աչքերս երկնքին հառած, աստղերին էի նայում, բայց ոչ այն պատճառով, որ աստղագիտությունից բան եմ հասկանում, ոչ որովհետև մանկուց հետաքրքրված եմ երկնային մարմիններով, համաստեղություններով, կարմիր հսկաներով ու սպիտակ թզուկներով, կամ տիեզերքը միշտ ձգել է իմ նուրբ հոգին, այլ որովհետև շուրջս այնքան մութ էր, որ միայն երկնքում էր ինչ-որ բան երևում։ Կարճ ասած՝ որովհետև վերևում ինչ-որ նայելու բան կար։ Տղերքից մի երկուսն էլ մի քսան մետր հեռու, խրամատի մեջ էին փսփսում, ու միայն Վզգոն էր, որ հենց իմ ու Դնջի արանքում հողին պառկած ծանր շնչում-արտաշնչում էր։ Բոլորս վստահ էինք, որ Վզգոն վերահսկում է իրավիճակը, ուստի հանգիստ էինք։ Դինջը կենտրոնացած, որ կոֆեն չեռա ու թափվի, հանկարծ զգում է, որ թիկունքից ևս մեկն ուշադիր նայում է։ Այդ մեկի շնչառությունը ջերմացնում է Դնջի ծոծրակը։ Դինջը մտածում է մերոնցից է, ուստի առանց շտապելու գլուխը իմիջիայլոց պտտում է, սակայն թիկունքում կանգնածին տեսնելով, անսպասելի հիստերիկ շարժումով մի կողմ է շպրտում ջազվեն ու ճչալով նետվում է դեպի մի քանի մետր այն կողմ՝ խրամատի պատին հենած ինքնաձիգը։ Մենք բոլորս, մեր զենքերն արագ վերցնելով, դիրքավորվում ենք մեր տեղերում՝ հայացքներս սևեռած այն կետին, որտեղ քիչ առաջ Դինջն էր։ Կարմրած աչքերով մի անծանոթ զարմացած նայում է մեզ՝ ժամանակ առ ժամանակ լպստելով շրթունքներն ու շարունակում է ափով թփթփացնել գրպանները՝ ասես սիգարետ փնտրելով։ Մինչ մեզանից մեկն ինչ-որ հարց կձևակերպի, անծանոթը խամրած հայացքը հառում է Դնջին, որ վախեցած ընկած էր քիչ այն կողմ՝ խրամատի մեջ, ու ասում՝ բրատ, բայց դու ոնց որ լավ չես, հը՞․․․ էտ կոֆեն էլ փաստորեն պիզդե՞ց, հա՞․․․ Թափի՞ր սաղ․․․ Ու գրպանից վերջապես սիգարետ հանելով՝ վառում է։ Ո՞վ ես, ընկեր․․․ Ի վերջո, հարցնում է Պադոն, որին ի պատասխան անծանոթն առանց լարվելու պատասխանում է՝ հոկտեմբերյանցի Համոն եմ, բրատ․․․ Ի՞նչ Համո․․․ Հոկտեմբերյանցի, բրատ․․․ Հա, բայց, ո՞նց․․․ Համոն, բրատ․․․ Ախպեր դու՞ ես կորել, կողքի պոստում․․․ Բրատ նեղացնում ես, ես հո հա՞վ չեմ՝ կորեմ, հելել եմ՝ կոֆե խմեմ․․․ Թեթևացած շունչ ենք քաշում, որովհետև հասկանում ենք, որ իրոք Համոն է, ով կորել է հարևան դիրքում, բայց, այնուհանդերձ, փոքր-ինչ զգուշավորությամբ Համոյին հրավիրում ենք նստելու, մինչև Դինջը ևս մեկ անգամ կոֆե կեփի բոլորիս համար։ Համոն ակնհայտորեն խոտի ազդեցության տակ է ու չի էլ կարողանում բացատրել՝ ինչու ու ինչպես է հաջողացրել հայտնվել մեր դիրքում։ Միայն կրկնում է, որ՝ բրատ, կոֆե էի ուզում, ի՞նչ եք անիմաստ հարցախեղդ անում։ Բայց թե ի՞նչ մտքով անցավ, որ կոֆե խմելու համար կիլոմետրուկես հեռու գտնվող իր դիրքը թողեց ու գիշերով անտառային կածաններով հասավ մեր դիրք, ո՞նց անցավ էտ կածաններով, երբ նույնիսկ տեղացիք գիշերը դրանցով դժվարանում են անցնել, ո՞նց գտավ դիրքը, ո՞նց աննկատ մոտեցավ, չնայած դա մեր խնդիրն էր, ու մենք պիտի բացատրեինք, այլ ոչ թե Համոն, և ի վերջո, ի՞նչ գիտեր, որ մեր դիրքում մենք հենց այդ պահին պատրաստվում ենք կոֆե խմել։ Ինչևէ, Համոյին կոֆե տվեցինք, քաղցրով հյուրասիրեցինք, տեղ ու քնապարկ տվեցինք, որ քնի, իր դիրքին լուր ուղարկեցինք, որ մեզ մոտ է, լավ է, առավոտյան կուղարկենք, ու անցանք մեր գործին։ Իսկ մեր գործը, թերևս Վզգոյին դատելն էր։ Ավելի ճիշտ Պադոն անսպասելի զենքը հանեց, դրեց Վզգոյի գլխին ու հայտարարեց, որ պատրաստվում է կրակել։ Բոլորս սկզբում շատ զարմացանք, հետո մտահոգվեցինք, հետո նույնիսկ զայրացանք ու Պադոյից պահանջեցինք հիմնավորել կրակելու իր որոշումը։ Դինջը նույնիսկ հայտարարեց, որ ցանկացած պարագայում թույլ չի տա, որ շանը կրակեն, ու որ չի կարելի կենդանուն ներկայացնել պահանջներ, որոնք մարդկանց ենք ներկայացնում, բանը հասավ նրան, որ նույնիսկ Պադոյին մեղադրեց ննջելու համար ու հռետորական հարց բարձրացրեց, որ՝ բայց ոչ-ոք չի ասում, չէ՞, եկեք Պադոյին կրակենք․․․ Պադոն շատ զայրացավ, ասեց՝ եթե շունը չլիներ, ու ինքն էլ սենց պռավալ տար, իրեն էլ պիտի կրակեինք ու դա ճիշտ կլիներ, հետո ասեց, որ՝ շունը շատ կոնկրետ խնդիր ա ստեղծել, որ եթե դիրքում մնա ուզենք-չուզենք հույսներս նրա վրա ենք դնելու, իսկ վերջինս շատ ավելի ճակատագրական պահի կարող է չհաչել։ Դինջը ասեց՝ Պադո, շուն ա էլի, ի՞նչ ես էսքան բարդացնում․․․ Պադոն էլ՝ շունը պիտի հաչա, իսկ պոստի շունը պիտի ճիշտ պահին հաչա․․․ Մի խոսքով, Պադոն ասեց, որ կատակ բան չի, դիրքում անվստահելի դիրքապահ կամ զենք ունենալը, որ մենք սպասում ենք, և ամեն պահի կարող է մեր դիրքում շատ թեժ լինել, և որ ինքն ինքնանպատակ դաժանություն չի սիրում և իր համար սկզբունքային չի շանը սպանելը, իր համար սկզբունքային է, որ կոնկրետ այս շունը դիրքում չպիտի լինի։ Հետո մի պահ դադար տվեց, ապա ավելացրեց՝ մարդը եկել մտել ա դիրք, հասել ա խրամատ, երկար բարակ զրուցել ա դիրքապահների հետ, ինքը մինչև հիմա քնած ա։ Մնում ա մի հատ էլ ծածկեմ, չմրսի, այ քեզ բան։ Ով մտահոգ ա, առավոտը լույսը բացվելուն պես, թող շանը վերցնի ու դիրքից տանի՝ ուր ուզում ա։ Էսօր էգուց թուրքը կգա, սրա խեռին չի լինի էլի։ Վաղը չէ մյուս օրը շունը դիրքում եղավ՝ գնդակահարելու եմ, ու ոչ ոք չփորձի ինձ հետ պահել։
Պադոն վերջին բառերն ասելուց հետո հետ քաշեց զենքն ու գնաց խրամատի ծայրը։ Վզգոն շարունակում էր նույն դիրքով կուչ եկած մնալ իր նույն տեղում՝ ասես ոչինչ չի կատարվում, ասես հենց նոր իր ճակատագիրը չէր որոշվում։ Իրոք տարօրինակ շուն էր։ Թե՛ իմ, և թե՛ դիրքի մյուս տղերքի վերաբերմունքն անմիջապես փոխվեց Վզգոյի հանդեպ։ Մինչև լույսը կբացվեր, կասկածի ծիլը մեր մեջ աճեց, դարձավ կասկածի բաոբաբ, և առավոտյան, երբ Դինջը պոստի մեքենայի հետ Վզգոյին գրկած իջավ գյուղ, մենակ նրան էր մտահոգում Վզգոյի ճակատագիրը։ Մենք այնքան սառն էինք, որ նույնիսկ Դնջին արհամարհեցինք ու ոչինչ չխոսեցինք հետը։ Վզգոյի հանդեպ արհամարհանքը տարածվեց նաև Դնջի վրա, քանզի վերջինս հանձն էր առել փրկել Վզգոյի կյանքը։
Առավոտյան Դինջը վերադարձավ բարձր տրամադրությամբ, սափրված, լողացած, բուրումնավետ, այնքան, որ ասես մի սրվակ օծանելիք էր դատարկել վրան։ Մենք, իհարկե, իմիջիայլոց հարցրեցինք Վզգոյի մասին, պատասխանեց, որ գյուղում մեկին է տվել՝ պահի, ու բոլորս ասես հրահանգով մոռացանք Վզգոյին։ Այդ օրն անցավ քչախոս աշխատանքի մեջ։ Լիքը խրամատ փորեցինք, փոքրիկ դզոտի տանիքի համար անտառից գերաններ կտրեցինք ու փակեցինք։ Մի տեսակ ինքներս մեզ պիտի ապացուցեինք, որ մենք Վզգոյից ավելի պատասխանատու ենք։ Մութն ընկնելու հետ կարծես բացվեց նաև մեր շփվելու ցանկությունը։ Դինջն ասեց՝ մտածում եմ՝ էս կռիվը մենք տանուլ ենք տալու․․․ Ինչի՞, Դինջ․․․ Որովհետև մենք ու թուրքերը տարբեր կռիվներ ենք կռվում, նույն կռիվը չենք կռվում․․․ Դինջ, գյուղում մարդկանց տրամադրությունը ո՞նց էր, հո տենց քո նման դուխաթափ չէ՞ր․․․ Պադոն իսկույն կասկածեց, որ Դինջը գյուղում է վարակվել նման պարտվողական տրամադրությամբ, իսկ եթե թիկունքում նման տրամադրություններ են, դա շատ վատ էր։ Դինջը պատասխանեց, որ՝ չգիտի գյուղացիք ինչ են մտածում, ինքը իր մտքերն ունի, իսկ իր մտքերը ոչ մի լավ բան չեն հուշում․․․ Դինջ, աչքիս հելնես, կոֆե դնես, անիմաստ խոսալու փոխարեն։
Դինջը, առանց խոսք ասելու, ելավ տեղից ու վառեց սպիրտայրոցը։ Պադոն քայլեց դեպի խրամատի վերջն ու այնտեղից բղավեց՝ կոֆեն պատրաստ լինի, ձեն տվեք գամ խմեմ․․․ Պադոն ցույց էր տալիս, որ ամեն բան վերահսկողության տակ է։ Որ ծալած ունի Վզգոյին։ Դինջը հանգամանալից ողողեց կոֆեի բաժակները, հերթով լցրեց չորս բաժակ ու մեջքն ուղղելով բղավեց՝ Պադո, արի կոֆեդ խմի․․․ Ու անմիջապես էլ նկատեց ոտքերի տակ պառկած Վզգոյին։ Դինջը ոչինչ չարեց, ասես կաթվածահար, միայն շարունակեց վերից վար նայել Վզգոյին, որը կուչ եկած իր սովորական դիրքով շարունակում էր քնել։ Քիչ անց նրա դիմաց լուռ կանգնեց նաև Պադոն։ Դինջը իր կոֆեն վերցրեց ու հեռացավ։ Չվիճեց, չպաշտպանեց, չպահանջեց, հանձնեց։
Հաջորդ օրը կեսօրին Պադոն իր իսկ ձեռով եփած կոֆեն էր խմում, երբ հայտնի դարձավ, որ Տափակ քարը դարձել է առաջնագիծ։ Մերոնք դիմացի դիրքը թողել էին ու հիմա այնտեղ տեղավորվել էին թուրքերը։ Նա ևս մի կում արեց կոֆեից, ապա բուշլատը փռելով դիմացը, սկսեց քանդել իր ինքնաձիքը։ Պադոն զենքը մաքրում էր ամենայն մանրամասնությամբ, քանզի կասկած չուներ, որ փրկվելու միակ հնարավորությունը վստահելի զենքն է, հարազատ երկաթի կտորը։ Դինջը կարծում էր՝ Պադոն տափակ պատկերացումներ ունի աշխարհի մասին, և փրկվելու որևէ հնարավորություն չկա։ Մենք մտածում էինք, որ Պադոն ճիշտ է, բայց քանի որ Պադոյի մոտեցումը աշխատանք էր ենթադրում, իսկ աշխատելու հավես չկար, ուստի կիսում էինք Դնջի մոտեցումը, որը ենթադրում էր առանձնապես ոչինչ չանել ու սպասել, որովհետև ըստ նրա ամեն բան շատ ավելի բարդ է, ու մեզնից ոչինչ կախված չէ։ Դուրս էր գալիս, որ եթե ամեն բան բարդ էր, մենք կարող էինք մեզ պարզ պահել ու բան չանել, և հակառակը, եթե ամեն բան պարզ էր, ապա մենք բազմաթիվ անելիքներ ունեինք։ Այնինչ, մենք ուզում էինք, որ ամեն բան լիներ պարզ ու մենք էլ անելիք չունենայինք։
Տափակ քարը հենց այդպիսի դիրք էր։ Այդտեղ սպասելուց բացի այլ անելիք չկար, չնայած Պադոն կասկած ուներ, որ սպասելու ժամանակն ավարտվեց։