ԱՆՑՈՐԴԸ ԵՒ ԻՐ ՃԱՄԲԱՆ

Gostan Zarian

Artwork by Samuel Hickson

Անատոլիան կրակ ու բոցի մէջ է: Եւրոպան' ուժասպառ, անկման նախօրեակին է:

Որբեր, գաղթականներ: Զարհուրելի խեղճութիւն' կուտակւած Վոսփորի ափերին: Փողոցներում' կտոր-կտոր մարդիկ, սարսափը իրենց աչքերում:

Հայաստանից անորոշ լուրեր են գալիս: Ոչինչ չեմ հասկանում:

Երեկոյեան ուշ վերադարձայ: Թրքերը տարօրինակ կերպով են նայում: Բարձրաձայն չեն խօսում, խմբով չեն գնում:

Աւերակների մօտ կանգն առի: Խաւար: Երկինքը սեւ են ներկել, ոչ մի աստղ: Տարօրինակ նախազգացումներ ունեմ: Օդի մէջ անհանգիստ մի բան կայ, հոգիներն էլ մութ են:

Հեռւից մի ոտնաձայն: Նա եւս կանգ առաւ եւ ետ վերադարձաւ: Ինձանից վախեց:

Այս գիշեր նոր տան տէրն էլ չի երգում: Լուսաւորւած է միայն մի սենեակը: Փողոցը կարծես երկնքի մի անկիւնում կուչ է եկել: Ես էլ կուչ եմ եկել համայնատարած այս խաւարում: Մէջս մի բան է սառել, բազուկներիս դնդերը լարւել են, գլուխս ծանր է:

Շո՛ւտ վերադառնում եմ տուն:

*

Ամէն օր նոր յիշատակներ են արթնանում իմ մէջ:

Մեր կորուստը այնքա՜ն շատ է, որ գրել անկարելի է: Մոռանալու մեծ ցանկութիւն ունինք ամէնքս: Երէկը արիւն է եւ բոց, այսօրը անորոշ է, եւ վաղը' անյայտ:

Նրանք, որ վերադարձել են, լռում են: Լռում են, որպէսզի կարողանան ապրել: Բայց նրանց դէմքի վրայ դժոխքի կնիքը կայ: Խօսում են անձայն, ծիծաղում են առանց ուրախութեան, շարժւում են մեքենաբար:

Փողոցում, կորացած մարդու քայլւածքից, բազուկների որոշ շարժումից կարելի է նրա կրած դժբախտութիւնների որակը հասկանալ: Դէմքի ինչ-ինչ գծեր, աչքերի անորոշ փայլը, մտքի կանգ առնելը խօսքի առջեւ' խոր վշտի, անբուժելի վէրքերի բնորոշ արտայայտութիւններ են:

Մենք վարժ էինք նախնական հոգեբանութեան գրքի մէջ կարդալ:

Այժմ, այլեւս ոչ մի բան չի հասկացւում: Փոխւած է ամբողջ մի ժողովրդի արտայայտութիւնը: Երբ բաց ծովը ալեկոծւած է, ափից ոչինչ չի նշմարւում: Սոսկալին այն է, որ ամէն մարդ ծածկում է, ուզում է մոռանալ, ապրել այնպէս, ինչպէս պիտի ապրէր, եթէ եղեռնը տեղի ունեցած չլինէր:

Ու մինչեւ անգամ ուզում են ուրախ ապրել:

Յիշում եմ 1904-ին Բագւում: Երեք օր փակւած մնացել էի թրքաց թաղում, անպաշտպան ընտանիքների մօտ: Դուրսը կրակում էին, խփում, թալանում: Քանի՜ անգամ խուժանը փորձեց ներս մտնել եւ շնորհիւ ղազանցի թուրք դռնապանին ազատւեցանք: Երբ երրորդ օրը, անքուն գիշերներից յետոյ, յայտարարեցին, որ կռիւը վերջացել է, ես խենթ ուրախութեամբ, փողոցում ընկած դիակների վրայից ցատկելով, վազեցի դէպի կենտրոնը: Մի քիչ չանցած, առջեւս եկան մի խումբ մարդիկա զուռնա, ղաւալ նւագելով: Նրանք անցան երկու-երեք փողոց, շւարած կանգ առին, գործիքները թաքցրին եւ, գլուխները ծռած, լռիկ եւ խիստ, վերադարձան:

Խոր կսկիծը եւ վախը նորից մեզ առաւ իր անդունդը:

Այդպէս է ե՛ւ այսօր:

Նրանք, որ այլեւս չկան, եթէ ապրէին' պիտի նոյնը անէին: Ոգեւորութեան, ապրելու տենչի նոր առիթներ պիտի ստեղծէին:

Երբ համաշխարհային պատերազմը սկսւեց, յոյսերը մեր մէջ, վայրի մեղուների պէս, անհանգիստ փեթակներ դրին:

Խեղճ Շահրիկեանը զարմանքով եւ մի քիչ էլ ցաւով դիտում էր «Ազատամարտ»ի խմբագրատան սեղանի վրայ նստած Վարուժանին, որ «Կեցցէ՛ պատերազմ» էր պոռում:

Գեղամ Բարսեղեանը վերջին հեռագիրներն էր թարգմանում եւ բարձրաձայն մեզ հաղորդում:

Սիամանթոն ապագայի ծրագիրներ էր մշակում:

Արման Դորեանը, նուրբ եւ զգայուն բանաստեղծ, ֆրանսիական գրականութիւնը թողել եւ վերջին պահուն եկել էր մեր «մեհենական» շարժման միանալու:

Ես էլ «Մեհեանիս» ճակատից «ասպարէզ» էի կարդում...

Ոգեւորումից ոգեւորում, անդնդից անդունդ, ապրում ենք մի տեսակ թաւալւելով: Կրակը պարում է մեր շուրջը, ծովերը հառաչում են:

Գնացին ամէնքն էլ, մեռան. ինչպէ՞ս մեռան' ոչ ոք չի իմանում: Եւ սակայն, ամէնքս էլ իմանում ենք, որովհետեւ ամէն բան մեր սրտերի մէջ տեղի ունեցաւ:

Սոսկում եմ, երբ մտածում եմ, ով ինչպէս մեռաւ: Ինչպէ՞ս մեռաւ Սիամանթոն. նա այնքա՜ն վախում էր մահից եւ այնքա՜ն սիրում էր կեանքը:

Վարուժանը, Արտաշէս Յարութիւնեանը, Գեղամ Բարսեղեանը...

Գեղա՛մ Բարսեղեանը:

Կան նրանից աւելի մեծերը, աւելի տաղանդաւորները, մինչեւ իսկ յիշատակի մէջ աւելի բախտաւորները, բայց չկայ մէկը իմ սրտիս այնքա՜ն մօտ, ինչքան նա:

Մելամաղձոտ մի Պեր Գիւնտ, որի մէջ ուժգնօրէն մեղեդի- ացած էր պատրանքների արկածախնդրութիւնը: Ծովերից այն կողմ, անորոշ մի Սոլվայգ նրան նշան էր արել եւ բլուրի ետեւ իջնող արեւի հետ երգել:

Գեղամը ապրում էր մեղմ սքանչացումի մէջ, լուռօրէն երազուն:

Նա սիրում էր արւեստը մեծ երկիւղածութեամբ, մտքի ազնւականութեան յատուկ սրբութեամբ, ինչպէս անկեղծ վանականները սիրում են մադոննայի յիշատակը եւ թախանձագին պաշտում նրա ներշնչումը:

Նրա շարժուձեւի մէջ զսպւած, ժուժկալ մի բան կար, վերին աստիճանի համակրելի եւ, ներքին, ամփոփւած բարոյականը բնորոշող:

Ինչպէս իսկական բոլոր բանաստեղծները, նա արւեստը համարում էր նախախնամական մի լուծ, մեծ վիշտ եւ զրկանք, անէծք: Ուստի եւ զայրանում էր, ատում էր խորապէս նրանց, որոնք շնացումի գիտակից սրբապղծութեամբ գրականութեան մօտենում էին թեթեւօրէն, լրբացած, «մարմ- ներգումի» փողոցային սուլոցով:

Փարիզի իր թշւառ այցելութիւնից նա բերել էր Լիւքսէմբուրգի պարտէզի աշնանային տերեւաթափի տրտմութիւնը, Վերլէնի սրսփուն տողերի հմայքը, Բոդլերի' դժբախտ այդ ազնւականի, երգի դաժանութիւնը եւ նոր բանաստեղծութեան անզուսպ թեւաւորումի ոսկէ յիշատակը:

Գեղամի աղքատութեան մէջ ազնւական թափթփածութիւն կար: Ոսկեայ ակնոցներ, սեւ զգեստ, չարչարւած կօշիկ- ների վրայ հինցած գէտրներ: Սէրը դէպի սրճարանը, ուր կարելի է գրականութիւնից խօսել: Ատելութիւնը դէպի բուրժուան, փարիսեցիները եւ միակողմանի կուսակցականը: Լաւ ծիծաղ ունէր' բարի եւ պոռթկուն: Հաւատաւորի միամտութիւն եւ անկեղծութիւն:

Զսպում էր թափը: Իր երկիւղածութիւնը դէպի արւեստը այնքա՜ն մեծ էր, որ չէր յանդգնում գրել, ինչպէս կարող էր: Միշտ պատրաստւում էր: Մեծ էր տեսնում եւ լայն էր երեւակայում. վախում էր:

«Մեհեանի» բոլոր սրբագրութիւնները նա էր անում եւ ինչպիսի՜ սիրով: Յօդւածների շուրջը վիճաբանում, տպարան վազում, նորանոր ոգեւորութիւնների աղբիւրներ ստեղծում: Հաւատում էր: Անթիւ թշնամիների դէմ պայքարելու ժամանակ շարքերում տեղ էր բռնում, իմաց էր տալիս հակա- ռակորդների ծածուկ քայլերի մասին, կեղծ բարեկամների ոտնձգութիւնների մասին:

Հաւատում էր:

Գաւառի բանիմաց երիտասարդութիւնը մեզ հետ էր: Հեռաւոր քաղաքներում մեր գաղափարների շուրջը կռիւներ էին տեղի ունենում: Բթամիտ տեսուչներ որոշ դպրոցներում արգելած էին մեր թերթը: Յայտնի գրականագէտներ երկիւղով էին նայում մեզ, խորապէս ատում էին եւ չէին համարձակւում արտայայտւել: Յաղթութիւնը մօտ էր:

Մօտ էր:

Գեղամ Բարսեղեանը իր ոսկեայ ակնոցներով եւ կեղտոտ գէտրներով անապատների կիզիչ աւազների վրայ քայլեց եւ, ո՞վ գիտէ, ինչ դաժան մահով մեռաւ:

Եւ երբեք չմօտեցաւ իր երազած Սոլվայգին, որը նրան նշան էր արել եւ բլուրի ետեւ իջնող արեւի հետ երգել:

*
Այսօր նորից փորձեր ենք անում: Մոխիրների տակից հայ ոգու չմարած ածուխների կտորներ ենք ժողովում: Աղքատ գյուղացի կանանց նման հնձւած ցորենի դաշտից նորից հասկեր ենք որոնում:

«Բարձրավանք» – ինքնամփոփումի փորձ: Այրւող անտառի մէջ' դիտարան: Նայում ենք:

Մարած հրդեհի փլատակների տակ ջրակոյտներ են մնացել եւ գորտեր են ծնւել: Տկարամիտ գրչակներ, լաւագոյնների մահից յետոյ, այլեւս անզուսպօրէն լրբացած, Ստամ- բուլից մինչեւ Պերա, ոռնում են: Դեռ դիակի հոտ է գալիս: Վարնոց սրճարաններից, հարբած մարդիկ, դուրս են փսխում, այլեւս անապագայ այս աշխարհը:

Ամէն ինչ մեռնում է:

*

Ասում են' Անատոլիայում յոյների եւ թրքերի միջեւ կատաղի կռիւներ են տեղի ունենում:

Յոյները յաղթում են:

*

«Արւեստի Տունը» ներքին վէճերով է զբաղւած:

Յ. Թումանեանի թէյասեղանի արդիւնքը... Եկաւ, ժողվեց, այդպէս անւանած, մտաւորականութիւնը, ճառեր արտասա- նեց, խոստումներ արաւ – «Էսպէս պիտի լինի, էնպէս պիտի լինի». յետոյ մի քանի հոգի գնացինք իր սենեակը, սրանց էլ հայհոյեց, նրանց էլ հայհոյեց, պատկերաւոր անեկդօտներ պատմելով մինչեւ առաւօտ... Դուրս եկաւ, որ հերոսը ինքն է. ինքը ամէն բան վաղուց հասկացել էր, նախատեսել էր, բայց դու եկ տես, որ իրեն լսող չկայ:

Մի քանի օր յետոյ յոյների «Սիլողոսում» ի պատիւ բանաստեղծին ցերեկոյթ սարքւեցաւ, ու մէկը կարդաց Օշականի ճառը: Ձեռագիրը անընթեռնելի էր, քննադատականը' սեղմ եւ անողոք: Մի ժամ տեւեց: Բանաստեղծը կրակի վրայ էր նստած: Պատասխանեց: Խօսեց անցեալի մասին, ապագայ յոյսերի, նսեմացաւ, համեստութեան բուրվառներ ճօճեց եւ այլեւս «Արւեստի Տան» մասին խօսք չարաւ:

Այդ օրւանից ի վեր Սիրունին հանգիստ չունի: Պատերազմի ամբողջ շրջանին սենեակի մէջ փակւած է մնացել, բնական է, այժմ շարժւելու պահանջ է զգում: Չսպասւած տոկունութիւն եւ յարատեւութիւն է դնում: Կռւում է դուրսը մնացած թշնամիների դէմ, հաշտեցնում է հակառակորդներին, մի քանի տգէտ եւ ինքնահաւան դերասանների ամ- բարտաւանութիւնը մեղմացնում: Երաժիշտների հետ խօսելու ձեւ է գտել, բանաստեղծների ականջին ծածուկ բաներ է փսփսում, նկարիչներին մեծ յոյսեր է ներշնչում, Կովկասից եկած իմաստակ արւեստագէտներին ներողամիտ ժպիտներ է բաշխում, բուրժուաների ակումբի հետ բարեկամական յա- րաբերութիւններ է մշակում: Մի խօսքով, չտեսնւած բաներ է անում:

Սակայն, այստեղ եւս ամէն ինչ պանորամիկ է, ամէն ինչ ներկայացում է եւ տեսարան: Ներքին բովանդակութիւնից զուրկ ենք: Փորձեր եղան միութեան կէտ գտնելա ի զուր: Բաւականանում ենք թէյասեղաններով, ցոյցերով, թատերական ներկայացումներով:

Տօնում ենք Մոլիեռը: Ընդունելութիւն ենք անում Շառլ Դիլին: Տօնեցինք նաեւ Դուրեանի մահւան քսանհինգամեակի տարեդարձը:

Ինչպէս միշտ' պատրիարքի ներկայութեամբ, թափօրով, բոյսկաուտներով շրջապատւած:

Լաւ էր:

Տօնը պիտի սկսւէր Դուրեանի գերեզմանի վրայ. ուստի, առաւօտ ուշ չմնալու համար, որոշւեց, որ «Արւեստի Տան» կորիզը գիշերէ Սկիւտարում, Պէրպէրեան դպրոցում:

Նկարիչներ, երաժիշտներ, գրականագէտներ... Պառկեցին դպրոցի մեծ ննջարանում, մանկութեան օրերը յիշեցին, կատակներ արին, պատմութիւններ պատմեցին:

Առաւօտ գնացի, դեռ նոր էին հագնւում: Չարաճիճի մէկը, ըստ աւանդական սովորութեան, զգեստները եւ կօշիկները փոխած էր: Նկարիչ Թէրլէմէզեանը փորձում էր մի շապիկ, որ փոքր էր. Սիւնին իր գուլպաներն էր որոնում, մէկ ուրիշը' իր կօշիկները: Ամէնքը լաւ տրամադրւած, ծիծաղում եւ կատակախօսութիւններ էին անում:

Յետոյ սկսւեց արարողական մասը: Պատրիարքը եկել էր պատարագ մատուցանելու, եւ եկեղեցին լի էր: Դրօշակներ, պսակներ, երաժշտութիւն, թափօր, եւ փողոցէ փողոց դէպի գերեզմանը: Շատ ժողովուրդ: Բոլոր սկիւտարցիները այստեղ էին, քաղաքից էլ շատ մարդ էր եկել: Ճառեր, արտասանութիւններ:

Կէսօրից յետոյ Պերա, Պըտիշանի թատրոն: Լեփ-լեցուն: Ծափեր, ոգեւորութիւն: Ճառեր, արտասանութիւններ:

Գրերի գիւտի տօներից յետոյ չտեսնւած տեսարաններ:

Յիշեցի խեղճ Զաւարեանին:

Գում Գափուի եկեղեցուց տուն էի վերադարձել' Արնաուտքէօյ, եւ շտապում էի նորից քաղաք. չգիտեմ ո՞ր հանդէսին ներկայ լինելու համար: Նաւի մէջ հանդիպեցայ Զաւարեանին: Յուզւած էր, խիստ ջղայնացած: Զարմացայ եւ խօսք բացի տօների մասին: Սաստիկ զայրացաւ.

– Տխմարները, հասկանո՞ւմ են ինչ են անում: Այս ցոյցերին տաճիկները ջարդով մեզ պիտի պատասխանեն: Այո՛, ես զգում եմ, ես վստահ եմ, որ ջարդով պիտի պատասխանեն, երբ առաջին առիթը ներկայանայ... Պատմութիւնը մեզի ոչինչ է սորվեցրել, մենք մեր պոռոտախօսութեան զոհը պիտի դառնանք...

Եւ այդպէս ամբողջ ճանապարհի ընթացքին: Երբ հասանք կամուրջ, նախ կղզիների նաւը փնտռեց. ուզում էր գնալ, փախչել, շունչը կտրւում էր, չէր կարողանում զսպել իրեն. մի քիչ յետոյ գաղափարը փոխեց, ձեռք տւաւ եւ արագ հեռացաւ:

Միւս օրը թերթերում կարդացի, որ Թաքսիմի մօտ, սիրտը ճաթել, վայր է ընկել:

Ու մեծաշուք մի թաղում էլ նրա՛ն արին...

Այսօր սարսափով մտածում եմա մի՞թէ կարող է նորից կրկնւել:

Սկովտիացիները, մերկ զիստերով եւ յաղթական քայլերով, անցնում են քաղաքից: Ռազմանաւերը կանգ են առել սպառնական:

Եւրոպան ներկայ է:

*

Ինչքա՜ն կարեւոր է Պոլսից փախչել, Պոլիսը յաղթել:

Երազում եմ լինել Հայաստանի լեռներից մէկի վրայ, հովիւների հետ եւ գոնէ մէկ տարի ապրել նախնական, մտահայեցական կեանքով: Մոռանալ ամէն ինչ, դուրս նետել քաղաքակրթական արտաքին զգեստաւորումը, լինել միմիայն մարդ բովանդակ աշխարհի առջեւ եւ երեխայի աչքերով դիտել աստղերին եւ լսել տարածութիւնները:

Վերադառնա՛լ: Բայց վերադառնալ ո՞ւր: Ո՞րտեղացի ենք մենք, մտքի յաւիտենական ճամբորդներս:
Միշտ ծարաւ, միշտ անօթի, հոգեկան երազւած սեղանի առջեւ մուրացիկներս...

[...]

*

Պտոյտի ժամերիս, շատ անգամ, կանգ եմ առնում փողոցի տղաների հայերէնը լսելու համար:

Ի՜նչ գեղեցիկ է, ինչքան ճկուն է պոլսահայերէնը:

Թեթեւ է, վերասլաց, ջութակի սուր ձայների նման թրթռուն. գեղեցիկ կնոջ ոսկեթել հիւսւած շղարշ, որի վրայ լուսինը թիթեռնիկներ է բանտարկել: Ածականները թիավարւող նաւակների նման առաջ են սահում, մինչ բայերը, գրեթէ անշարժ, գեղեցիկ ափից հեռացող տեսարանն են դիտում:

Նախադասութիւնը նւագաւոր է եւ ներդաշնակ: Նապոլիտեան երգի նման նա շունչ է առնում շրթունքների ծայրին, ոլորւում բերնի մէջ, պտտում կոկորդի մօտ, շոյում առաստաղը եւ դուրս գալիս' ինչպէս թեթեւ հառաչանք:

Կերպընկալ է եւ հոսուն:

Ռազմական ոչ մի շեշտ կայ: Օրգանական ոչ մի միութիւն, ոչ լոյս, այլ լոյսի խաղ, ոչ ծով, այլ կոհակների ծփծփանք: Այստեղ բառը, ինչպէս արարատեան լեզւի մէջ, չի կառչում մտքին սուր ակռաներով, գաղափարի ուսերի տակ տնկւած փայտ չէ, այլ թեթեւօրէն թեւարկող նշան, բոցի վրայ սլացող անտեսանելի ծուխ:

Կիլիկեան թագուհիների հագած վենետիկեան թեթեւ կերպասների նման, բառերը մեղմօրէն սեղմում են ներդաշնակ մարմինը եւ երկար ծալքերով վայր ընկնում գետին: Խաղում են անցնող հովի շնչի տակ, փայլփլում ջահերի անհանգիստ բոցերում, շոյում պալատի զարդերը, ծփում արեւմուտքից եկած ասպետների արծաթէ սաղաւարտների վրայ:

Պոլսահայ լեզուն քաղցր է: Նա պտուղ չէ, մտքերի բնական, հիւթեղ եւ անմիջական համը չունի: Երկարօրէն, բարակ ու նուրբ մատերով պատրաստւած անուշ է, որի համեմները հեռաւոր երկրներից են գալիս: Մատուցում են ոսկեզօծւած պնակների մէջ, փղոսկրէ դգալով, ու չգիտես, ուտես թէ՞ նայես:

Բառը հնչում է, սիրուն ժպիտով կանգ առնում եւ, պարուհիի նման, ոտքի մատների վրայ պտոյտ գալիս, նորից պտոյտ գալիս եւ բարեւում: Ածականների երամը աննշմար կերպով ներս է մտնում, ու բեմի ներքնախորը, արհեստա- կան, գոյնզգոյն լոյսերի տակ հազար ձեւեր առնում:

Ջութակները թաւշեայ ճպոտների տակ հառաչում են, մինչ սրինգները մելանոյշ երգեր են երգում:

Վերը, կովկասցի հանդիսականներ, նայում են եւ սուր ակռաներով բայերը պատռտումա վայրի խնձորի նման:

[...]

*

Պէտք է Հայաստան գնալ:

Ինչքա՜ն հեռաւոր է թւում նա եւ ինչ անհասկանալի: Մեր եւ նրա միջեւ բոցերում ճարճատող Փոքր Ասիան, հակառակորդ բանակների ոտնկոխ արած երկիրները, ափերի մօտ ոռնող ռազմանաւերը: Ու մեր եւ նրա միջեւ' բարոյական հսկայ անդունդը, անհաւատալի փլուզումների կուտակումները, արիւնի գետերը ցեխ դարձած, եւ ցեխերի բլուրներըա դիակների վրայ կուտակւած:

Պէտք է արիաբար խմել բաժակը մինչեւ տակը: Հայ լինելը հեշտ չէ: Ո՛վ է իմանում, նախախնամութեան ձեռքի մէջ ինչպիսի գաղտնի զէնք ենք եւ մոլորակի վրայ ինչպիսի ստւերներ ենք կոչւած լուսաւորելու:

Դարը սոսկալի պտուտակի նման պատռում է տարածութիւնները: Անկայմ, անղեկ նաւի վրայից դիտում ենք փուլ եկած հորիզոնը:

Գնում ենք' վշտերի տակ փոշիացած ճանապարհներով, եւ ոչ ոք մեզ չի սպասում:

*

Յոյները պարտւում են:

Հայերը, Չամլճայի կատարից, վախով լեցուն նայւածքով շօշափում են անհանգիստ Ասիայի հողերը:

Տաճիկների թաղերում գաղտնի ժողովներ են տեղի ունենում:

Գալաթիայի նորաշէն տուների ամենաբարձր յարկում Խորհրդային Հայաստանը առեւտրական գրասենեակ է բաց արել:

Հայ ոգին այրւող գաւառներից փախած կիսամեռ գաղթականներին խաւիարի եւ մազութի գներն է հաղորդում:

Արարատը տնկւել է աճառի գործարանի ռեկլամի վրայ, եւ Նոյեան Տապանը մարքսիստական գրականութիւն է փոխադրում:

Թաքսիմի սրճարաններում վայր ընկնող կասկածելի մարդիկ, յանկարծ արթնցած դոլլարների տարածւող հոտից, վխտում են գրասեղանների շուրջը, մահամերձ մի աշխարհի վերջին հառաչանքները առաջարկելով:

Մի մարդ, անյաջող դերասանի ողորկ դէմքով, իր տակից խուսափող աթոռի ծայրից պինդ բռնած, կարեւորութիւն է ծախում եւ սրտի տակ, վախը, դդումի նման աճեցնում:

Մեծ վաճառատան գաւառում բացւած մասնաճիւղի է նմանում այս գրասենեակը: Անորոշ մի վտանգից վախեցող մարդկանց պէս, շտապ ամէն բան ծախում են:

Աշխարհիս երկրաշարժական ցնցումները գրելու մեքենայի ստեղների տակ սատանայական հաշիւի են վերածւել. ահաւոր հրդեհներ, նախճիրներ, մոլորակը քանդող զարհուրանքներ, ժողովրդներ ոչնչացնող աւերներ առեւտրական կանոնաւոր գրքերում «ելք եւ մուտքի» դասաւորւած էջ են բաց արել:

Սահմանները օձերի պէս պարում են. քաղաքները փոշի են դառնում: Երկրագնդի առանցքը խենթացած պտտում է պարապի մէջ, ժողովրդները փախչում են, ծովերը' ոռնում:

Իսկ այստեղ ամէն ինչ մանր թւաբանութեան են վերածել:

Ամերիկեան գրասեղանի վրայ, կասկածելի այցետոմսի մօտ, Էնգելսի գլուխը կօշիկի ներկ է ծախում, մինչ Գում Գափուի պատրիարքըա ասորական քիթը մօրուքի վրայ կախածա ազգի դունչը ծռել է մալականների շինած մի կտոր պանիրի առջեւ:

Հեռագրաթելերը, առեւտրական պարզ խօսքերի տակ, դաւում են պետութիւնների դէմ եւ մզկիթների մէջ դանակներ սրում:

Պերան դիտում է եւ նախանձում:

*

Ամէն օր չարագուշակ լուրեր են գալիս:

Յոյները նահանջում են: Քրիստոնեայ ազգաբնակչութիւ- նը, այրւած գիւղերի մոխիրների վրայ, դէն նետւած դրօշակները կոխկռտելով, փախչում է ծովեզերք, որտեղից ոչ մի նաւ չի անցնում:

Թրակիան վիզը ծռել, կախաղանի է սպասում:

Իզմիրը միջնադարեան դիւցազներգութեան վերջին տեսարանն է ապրում: Իր ամբողջ հարստութիւնով այրւում է, անշարժօրէն կեցած եւրոպական ռազմանաւերի առջեւ: Թնդանօթների տեղ, լուսանկարչական գործիքների ճարճատումն է լսւում:

Քրիստոնեաները կռւում են եկեղեցիների շուրջ: Զանգակատները բոցերի մէջ վայր են ընկնում եւ խոր հառաչանքներ ձգում Փարիզի եւ Լոնդոնի ռադիօ-կայանների լռութեան առջեւ:

Թուրք զօրքերը թալանում են Եւրոպայի պատիւը:

Ասիան կատաղած վիշապի պէս գլուխը երկարում է դէպի Պոլիս եւ ակռաները մխրճում անգլիացի հրամանատարի շքանշանների մէջ:

Դաշնակիցները քաղաքը պիտի թողնեն:

Հայերը, փոշիների միջից, ֆէսերը դուրս են հանել:

*

Ստամբուլը ցորեկը խորհրդաւոր լռութիւն է պահում, գիշերը աղմկում է:

Պերայի սրճարանների պատերի տակ երկիւղը քարշ է գալիս:

Պոռնիկները փսխում են իրենց քաղաքական համոզումները:

Լրագիրների խմբագիրները պատրաստում են իրենց փախուստը, վերջին սպառնալից առաջնորդողներ գրելով:

Հայաստանի կառավարութիւնը Արարատի կատարին ֆէս է տնկել: Հայոց պատրիարքը սենեակի մէջ անհանգիստ ման է գալիս եւ իր համրիչները կրծում:

Փողոցներում խումբ-խումբ մարդիկ շւարած երկինք են նայում: Խանութպանները չնչին գնով ապրանքներ են ծախում: Ամէն ինչ վազում է կամ սողոսկում:

Տներից ներս, սրտերը պատերին են զարնւում եւ ջղայնացած ձեռքեր սնտուկների խորքից արծաթէ դգալների եւ մաշւած թղթադրամների կապոցներ պատրաստում:

Արջի թաթը զարնւել է դպրոցների փեթակին: Աշակերտները երկրաչափական գրքերի մէջ անյայտ կէտեր են որոնում, իսկ աշակերտուհիները ստամոքսի ցաւ են զգում:

Բէյլէրի պարտէզում օպերետային խումբը, սրտի խորքից, ճակատագրի ճիրաններին ծիծաղ է մատուցում: Տեսարանը չվերջացած, հեռւից թուրք ամբոխի մօտեցող ոռնոցն է լսւում: Ժողովուրդը փախչում է. իսկ դերասանները, հեռաւոր փողոցների անկիւններում կուչ եկած, խաւարին իրենց պատռած սիրտն են երկարում:

Գիշերը, ամէն ոք կոտորածի է սպասում:

Նստում ենք, ատրճանակները սեղանի վրայ շարած: Ականջը ռադիօի բարձրախօսի նման ամէն ինչ մեծցնում է: Շշուկները հաստատուն ոտնաքայլի հանգամանք են առնում: Խաւարը ման է գալիս:

Լուսաբացին արեւը նայում է դեղնած դէմքերին: Առայժմ ամէն մարդ ողջ է:

Դեսպանատուների առջեւ, անցագրերը հեռաւոր երկիր- ների դռներն են զարնում: Կորնթոսը բաց է, Մարիցան փշրել է իր կամուրջը, Պուանկարէն հաշւում է գերմանացիների փողերը:

Սուլթանը վատ նախազգացումներ ունի' հաշիշ է առնում եւ գաղտնի բանակցութիւններ վարում: Զինւած մարդիկ Դարդանելից անցնում են Թրակիա, եւ, արեւելեան ճեպընթացի ուշացման պատճառով, Թօքաթլեանիա Փարիզում ապսպրած անուշը հոտել է:

Վոսփորի առջեւ նաւերը դեռ կանգ են առնում, բայց Սեւ ծով վախում են անցնել:

Պոլիսը չի ընդունում գաղթականներին:

Մարդկային էակներով եւ իրեղէններով լեցւած առագաստանաւերը մուրացկանների նման կանգ են առնում զանա- զան երկիրների ափերին եւ անիծելով հեռանում:

Թուրք ամբոխը, այլեւս կատաղած, Պերայի փողոցներում ցոյցեր է անում, պատուհաններ եւ մարդ ջարդում:

Սկովտիացիները, միշտ մերկ զիստերով, զօրանցք են անում, յուղարկաւորական նայւածքների առջեւ:

Խորհրդային Հայաստանի գրասենեակը սովետական դրօշ է բարձրացրել: Խաւիարի գինը ընկել է:

Պատրիարքարանը դիմումներ է անում' սակարկում են, թէպէտ բորսան վաղուց փակւել է:

Անգլիական դեսպանատան առաջին քարտուղարը առանձնացել է պատրիարքի հետ եօթը եւ կէս րոպէ: Թերթերը յոյս են առել:

Ազգային իշխանութիւնները տակն ու վրայ են' չվճարած տուրքերն են պահանջում եւ անցագրի դրամ:

Սկիւտարցիները իջել են եւրոպական ափը: Եղիա Տէմիրճիպաշեանի կախւած գլուխը սարսափով նայում է ամայացած գիւղին:

Նաւերի սուլոցը տուները ցնցում է:

Վոսփորի մակոյկների վրայ սրտեր են օրօրւում:

Մարդիկ թաւալւում են դէպի Գալաթիա եւ շւարած յետ փախչում: Կայարանը մզկիթի է վերածւելա ամէն մարդ աղօթում է:

Հազարաւոր քարտէսների վրայ մտահոգ աչքեր պատսպարւելու վայր են փնտռում: Նաւային ընկերութիւնները ուրախ են, եւ նաւաստիները փոքրիկ առեւտուր են անում:

Գնում եմ Հայաստան:

(Պոլսում, 1922)

Copyright: Ara Zarian