Հատված «Գիրք-անվերնագիր» վեպից

Շուշան Ավագյան

Photograph by Anahit Ghazaryan

Ինչպես եմ գրում, և ինչպես կուզեի գրել

Զուր է, ամեն ինչ իզուր։

Օր մի գարնանային։

Դու ժպտում ես բոլորին, բացի մեկից։

Մեծ մայրս հաճախ կրկեսի տոմսեր էր գնում ու երեքիս տանում ներկայացման։

Կոկորդումս տհաճ խցանում էր առաջանում, երբ սրահ էին դուրս գալիս գեղեցիկ բաշով պոնիները։

Անցած օրերը երբեք չեն վերադառնում, բայց վերադառնում են զգացմունքները։

Վեր-ընկալվում։ Վեր-լուծվում։ Վեր-հիշվում։ 

Նրանք ասես ընկճված լինեին։

Սկզբում հայտնվում էին պոնիները, ու շրջան կազմած վազում մեկը մյուսի հետևից։

Հետո բեմ էր դուրս գալիս սև բաճկոնով ու անգլիական սև գլխարկով մարդը, մտրակը ձեռքին։

Բոլորը սկսում էին ծափահարել։

Նա աջ ձեռքը բարձրացնում էր գլխից վեր, ու մտրակն արագ իջեցնում նրանց մեջքներին։

Պոնիները կարճատես են։

Որպեսզի չշփոթվեն ու ճիշտ կատարեն իրենց մարզանքները, նրանց աչքերի աջ ու ձախ կողմերում մխված են տեսողությունը սահմանափակող երկաթներ։                  

Խմիր սա, և թևավորվիր հերկուլեսյան ուժով։




*

Այսօր քեզ տեսա չորրորդ հարկում. համալսարանի գրականության բաժնում։ 

Մայիսի հինգին Կրկեսի սրահում կարդալու եմ «Letter to Violette» բանագործությունս, կգա՞ս։

Ժամը յոթին։

Բանագործության հայերեն տարբերակը ներառված է այս գրքի գլուխներից մեկում։

Երբ բարձրանամ բեմ ու սկսեմ կարդալ, չեմ նայի սրահում նստած մարդկանց դեմքերին, որ չտեսնեմ քեզ։

Որ չիմանամ։

Կպատկերացնեմ, որ նստած ես սրահում։

Կպատկերացնեմ, որ բացիկներս զարդարում են քո գրապահարանը։




*

Մեծ մայրս իր չինական հովհարով։

Ընթերցող, պատրաստվիր ցատկելու երկաթե օղակների միջով։

Երաժիշտները ոտքի են ելնում. տրիումֆային պահն է։

Բոլորն անհամբեր սպասում են։                

Հիմա ցատկելու ենք վառվող օղակի միջով։

Ալե հոպ։ 

Այդքան էլ դժվար չէր, ինչպես որ կարծում էի։

Ծափահարություններ։                            

Վերջում, երբ խմբով դուրս էինք գալիս սրահից, մեկն ասաց, որ հետաքրքիր կլիներ լսել այդ բանագործության հայերեն տարբերակը։

Ինչ-որ տեղ, դու բախտավոր ես, ընթերցող։

Ինչ-որ տեղ նա հեռու էր։

Ինչ-որ մեկը կանգնած էր նրա կողքին։

Ցվետաևան հարցնում է. Ո՞րն է պոետի «ես»-ը։

«Ես եմ», պատասխանում է Մանդելշտամը։

Ցվետաևա. Ո՞րն է պոետի պատմությունը։

Մանդելշտամ. Սա է, ուրիշը մի փնտրիր։

Ցվետաևա. Ինչպե՞ս սպասեմ ՎԱՂՎԱՆ։

Մանդելշտամ. Հերքիր մահն, ու ՎԱՂԸ կգա։

Ցվետաևա. Ինչպե՞ս հերքեմ մահը։

Մանդելշտամ. Գրելով։

Ուսումնասիրել քարերը, սովորել նրանց կեցվածքը, որդեգրել նրանց քարացած արտահայտությունները։

Ածականներով լինել ժլատ։

Շնչավոր առարկաները նկարագրել այնպես, որ անշնչանան։

Կարճ վարժություն. գրել բանագործություն հիմնված կրկնության էլեմենտի վրա։

«Դոգմա»։

Հավատն աղվես է։ Աղվեսներից աղվեսը։

Հավատն ընդունում է հավատի ճանաչում։ Աղվեսի ճանաչումը։

Հավատը չի կարող գոյատևել աղվեսի հետ։ Կործանիչ է։ Բայց։ Հավատն աղվես է։        

Սա է ճշմարտությունը։ Հավատն աղվես է։ Աղվեսներից աղվեսը։ Այդպես է։ Հավատը որպես հավատ պիտի գոյատևի։

Աղվեսը սնում է հավատին։ Հավատը սնվում է աղվեսով։ Ճշմարտությունը սա է։ Որովհետև։

Աղվեսը ճշմարտությունն է։ Հավատը հիմնված է ճշմարտության վրա։ Ճշմարտությունն այն է, ինչ որ է։ Ճշմարտությունն այն է, ինչ դու ես ցանկանում։

Հավատն ասում է՝ ես։ Հավատն ասում է՝ ես գիտեմ։ Հավատն ասում է՝ ես գիտեմ ճշմարտությունը։ Բայց։

Աղվեսն այն է, ինչ որ է։ Սա է։ Որովհետև։ Գոյությունն աղվես է։

Հավատն իշխելու հավատ է։ Հավատն ուզում է, որ հավատն իշխի աղվեսին։ Աղվեսներից աղվեսին։ Բայց։

Աղվեսը ճշմարտություններից ճշմարտությունների ամենաճշմարիտն է։ Որովհետև ճշմարտությունն աղվես է։ Աղվեսներից աղվեսը։

Այդպես է։ Աղվեսը չունի հավատ։ Որովհետև։

Վիոլետն ասում է վարժությունները օգտակար են և անհրաժեշտ։

Հանդիսատեսը ծափահարում է ոչ թե պոնիներին, այլ նրանց վարժեցնողին։

Մտքումս հղացավ մի նոր վերնագիր գրքի համար.

«Վարժություն»։

Մեկին մոռանալու համար, և հիշելու մյուսներին։

Երևանի հանրային գրադարանի չորրորդ կամ հինգերորդ հարկում, պատերից մեկի վրա պատկերված են հայ գրողները, համախմբված տարբեր դարերից։

Ինչ-որ բան պակասում է։                 

Պակասում են շատ բաներ, օրինակ, այս գլխից պակասում է երկու նախադասություն։

Ամենակարևոր մասը բաց է թողնված, բայց դու, իմ լավ ընթերցող, այդ չես նկատում։

Հարցեր չես տալիս։

Օրինակ, ինչի՞ մասին կխոսեին, եթե հանդիպեին միմյանց 1926 թվականին, գարնանային մի օր։

Կամ օրինակ, ինչո՞ւ որոշ գրքեր երբևիցե լույս չեն տեսնում։

Իսկ պետական ակադեմիան «Վերք Հայաստանի»-ի հինգերորդ հրատարկությունն է թողարկում։